ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Սցենարներ, որոնց անալիզը պահանջում է պետական մակարդակի շատ լուրջ մոտեցում

Սցենարներ, որոնց անալիզը պահանջում է պետական մակարդակի շատ լուրջ մոտեցում
22.04.2026 | 12:00

Դեպի լուրջ խորհրդածությունները հակում ունեցող մարդիկ, իրենց գլխով անցած դեպքերի և իրադարձությունների մասին մտածելիս, հաճախ են իրենց տալիս հետևյալ բնույթի հարց՝ թե «ի՞նչ կլիներ, եթե» տարբեր բնույթի պատահականությունների պատճառով այդ դեպքերն ու իրադարձություններն այլ ընթացք ստանային։

Նույն ձևով էլ, նման հակումներ ունեցող մարդիկ մտածում են ներկայի և, առնվազն, մոտ ապագայի մասին, այն իմաստով, որ «ի՞նչ կլինի եթե» այսպես կամ այնպես լինի։

Այսպիսով, մարդիկ անցյալը լավ հասկանալու և ներկա ու ապագա կյանքում ավելի ճիշտ կողմնորոշվելու ու ավելի ճիշտ որոշումներ կայացնելու համար օգտվում են, այսպես կոչված, սիմուլյացիայի մեթոդից, որի նպատակը կյանքի ավելի ռացիոնալ հետագծերի անալիզն ու ընտրությունն է։

Ճիշտ նույն ձևով վարվում են նաև լուրջ հասարակությունները՝ իրենց անցյալն ավելի ճիշտ հասկանալու և ներկայի ու ապագայի զարգացումների համար էլ հնարավորինս ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով։

Գիտության մեջ այս մեթոդը հայտնի է որպես «ի՞նչ կլինի, եթե» տեսակի վերլուծություն (What-if Analysis), որը կիրառվում է հասարակական, պետական ու աշխարհաքաղաքական ամենատարբեր բնույթի պրոբլեմների սիմուլյացիայի, այսինքն, դրանց անալիզի և լուծման հնարավորինս ավելի ձեռնտու տարբերակների գեներացման և ընտրության ժամանակ։

Ընդհանուր առմամբ, գիտական անալիզի այս մեթոդը, սիմուլյացիա անվան տակ, կիրառվում է տեխնիկայի և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում ու կիրառելի է նաև մեր անցյալն ավելի հիմնավորված ձևով հասկանալու, ինչպես նաև մեր ներկայի ու ապագային հետ կապված կնճռոտ հարցերում ճիշտ կողմնորոշվելու համար։

Օրինակ, եթե մենք լուրջ մակարդակի պետական մտածողություն ունենայինք, ապա մեզ, առաջին հերթին, պետք է հետաքրքրեր այն հարցը, թե ի՞նչ կլինի մեզ հետ, եթե ինչ-ինչ պատճառներով մեր ու Ռուսաստանի շահերը իրարից հեռանան, մանավանդ, այն բանից հետո, երբ 2007-ին, Մյունխենում Պուտինի ելույթի պատճառով ակնհայտ դարձավ Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ շահերի անհամատեղելիությունը։

Նման մեթոդով վերլուծման ենթակա և հնուց եկող բազմաթիվ այլ պրոբլեմներ ևս կան, ներառյալ՝ քրիստոնեության ընդունել-չընդունելու հետևանքների հարցը, կամ էլ՝ քաղկեդոնականության հետ կապված հարցն ու անիմաստ եկեղեցական վեճերը, որոնք միայն պառակտում ու թուլացնում էին մեզ ու հույներին՝ քանդելով թուրքերի դեմ հնարավոր պատվարը։

Նման հարցերը մեր կյանքում շատ են, իսկ ներկա պահին դրանք մեզ համար ունեն նաև գոյաբանական բնույթ։

Օրինակ, ի՞նչ տեղի կունենա մեզ հետ Ուկրաինայի ու Իրանի պատերազմների տարբեր ելքերի դեպքում։

Կամ էլ, եթե ԵՄ-ի ջանքերով ուկրաինական պատերազմն ավելի թեժանա, իսկ Իրանն էլ ինչ-ինչ պատճառներով պարտվի, և մեր տարածաշրջանում միակ ազդեցիկ ուժերը մնան Թուրքիան ու Իսրայելը, ի՞նչ ապագա կսպասվի մեզ։

Նմանատիպ սցենարները բազմաթիվ են, որոնց անալիզը պահանջում է պետական մակարդակի շատ լուրջ մոտեցում, որի նպատակը պետք է լինի քաղաքագետների, պատմաբանների, հասարակագետների, կոնֆլիկտաբանների, սիստեմային գիտության ոլորտի մասնագետների, կազմակերպական գիտության և սիմուլյացիայի ոլորտի մասնագետներից կազմված կոլեկտիվի ստեղծում, որը կարող է ադեկվատ խորհուրդներ տալ պետական մարմիններին՝ կանխելով վերջիններիս հապճեպ ու անհիմն որոշումները, որոնք անկախության տարիներին մեզ տարել են վատից դեպի ավելի վատ վիճակներ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ